Թատրոնի մասին


ԳՈՅ» ԹԱՏՐՈՆ
ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


«ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի ստեղծման պատմությունը մեզ տանում է վաղ անցյալ, դեպի 1988 թվականը, որը հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից`  Խորեն Աբրահամյանի աջակցությամբ:

       Դեռ Երիտասարդական էքսպերիմենտալ  թատրոնում  էր  սկսվել   Արսեն Աբրահամյանի, Սամսոն Ստեփանյանի  և  Արթուր Սահակյանի համագործակցությունը: Այն շարունակվում է  «Կամերային» թատրոնում, որտեղ 1981-ից ստեղծագործում էր նաև Արմեն Մազմանյանը:

Այստեղ էլ չորս ռեժիսորները միմյանց համախոհներ գտնելով` 1988թ. հեռանում են «Կամերային»-ից, իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Համախմբվեցին, հաղորդակցվեցին մտքերով և հաստատվելով Սունդուկյանի անվան թատրոնի ձեղնահարկում՝ սկսեցին «թատրոն կառուցել»:

 

1988թ. դեկտեմբերի 1-ին ստորագրվում է թատրոնի բացման հրամանը, սակայն մեկ շաբաթ անց վրա է հասնում տարերային աղետը: «Գոյ»-ի անձնակազմը մեկնում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքների:

Կարճ ժամանակահատվածում բեմադվում է Թումանյանի հեքիաթները՝ մոտ երեք ամիս խաղում  են  այս  ներկայացումը, հույս ու հավատ  ներշնչում անօթևան մնացած բազմահազարանոց մարդկանց: 1989թ. մարտի 1-ին լաբորատորիան բացում է իր դռները լայն հասարակության համար:


Թատրոնի հիմնադիրները   սկզբից   իրենց տեսնում էին որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «երգ ցցոց ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա:

Ժամանակի  ընթացքում,  թատրոնն իր առջև  գեղարվեստական հստակ խնդիրներ է դնում. համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարդ պրոցեսներով  առաջնորդվել և  ստեղծագործել  «Գոյ»-ի  բեմում:

Մինչև 1991 թ. թատրոն-լաբորատորիան ֆինանսավորվել է թատերական ֆոնդի կողմից, իսկ 1991 թվականից՝ «ԳՈՅԱԿ» ընկերության միջոցներով: 1991, 92, 93թթ. դարձան թատրոնի և «Գոյակի» ամենաբեղուն ստեղծագործական  տարիները. բազմաթիվ ներկայացումներ, համերգներ, շոուներ, ցուցահանդեսներ:

1992-94թթ. ճգնաժամը անդրադառնում է նաև թատրոնի վրա: Այդ ընթացքում շատերը հեռանում են և նրանց հետ պակասում են նաև ներկայացումները:

    «Գոյ» թատրոն-լաբորատորիան այդ ճանապարհին ինքն էլ սովորելով, կազմավորվելով՝ հայ հասարակությանը ծանոթացրեց «աբսուրդ» երևույթի հետ:

Ի վերջո այս դրամատուրգիայի միջոցով կայացան թատրոնի հիմնական ուժերը՝ Կարինե Ջանջուղազյանը, Նարե Հայկազյանը, Սերգեյ Դանիելյանը, Սամվել Սեդրակյանը, Մարինե Պետրոսյանը, Հասմիկ Աբովյանը, Տրդատ Մակարյանը և այլոք, բեմադրիչներ Արսեն Աբրահամյանը, Սամսոն Ստեփանյանը, Արթուր Սահակյանը, Արմեն Մազմանյանը, նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը (վերջինիս անգամ անուն էին հորինել՝ «բեմաստեղծ», քանզի նա ոչ միայն բեմանկարիչ էր, այլ բեմ կառուցող):

Ճիշտ է, նրանցից ոմանք տարբեր տարիների լքում են թատրոնը (Ս.Ստեփանյանը 1993-ին նշանակվում է «Փոսի» թատրոնի գեղարվեստական-ղեկավար, Կ.Ջանջուղազյանը դարձավ «Համազգային»- ի առաջատար ուժերից մեկը, Ա.Աբրահամյանը 1996-ին «Սարոյանի անվան անգլիական թատրոն-ստուդիայի» գեղարվեստական ղեկավար), բայց դա օրինաչափ երևույթ է, նրանք վերջին հաշվով անհատականություններ են, որ նպաստեցին թատերական դաշտի զարգացմանը տարբեր բեմերում:

Բայց «Գոյ»-ի ամեմամեծ խնդիրը մնում էր «սեփական տանիք» ունենալը: Հյուրի կարգավիճակը ցանկացած պահի  կարող էր խոչընդոտ հանդիսանալ թատրոնի գործունեության  համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը (Ա. Մազմանյան) այս խնդրով բազմիցս դիմել է պետական ատյաններին, անգամ կոնկրետ տարածքներ մատնանշելով, շարունակ խոստացել են որ կմտածեն, բայց դրանք  մնում էին  լոկ  խոստումներ…

 Տարածքներից մեկն էլ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի» շենքն էր, որը համատեղ գործունեության մշակութային-տնտեսական պայմանագրով 1996թ. մինչև 2006թ. վարձակալական իրավունքով հանձնվում է «Գոյ»-ին:

«Գոյ»-ը և «գոյականները» երկրում  տիրող համատարած ճգնաժամային տարիներին անգործ չէին: Ճիշտ է,  այդ  շրջանում վերջին բեմադրությունը եղել է 1994թ. («Godo սպասելիս»-ը), բայց թատրոնը դիմավորել է նաև 1996, 1997, 1998թթ. թատերաշրջանները:

1998թ. թատրոնը նշել է իր տասնամյակը, որից հետո 1998թ.-ին կոլեկտիվը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու  Բոնում կայանալիք «Հայկական արվեստի օրերին»: 1999թ. թատրոնը Եգիպտոսում մասնակցել է Կահիրեի  11-րդ միջազգային փորձարարական թատրոնների փառատոնին ներկայացնելով «6 պերսոնաժ հեղինակ որոնելիս»-ը, որը, ինչպես թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ասում «թատրոնի այցեքարտն» էր դարձել:

Փառատոնի մասնակից 69-ը թատրոններից 34-ն էին մրցութային և դրանցից ընտրված 4 լավագույններից մեկը դարձավ «Գոյ» թատրոն-լաբորատորիան: Տասը տարին հազիվ բոլորած  երիտասարդ թատրոնի անձնակազմը սկսում էր ցրվել, ծանր ֆինանսական դժվարություններ են ծառանում թատրոնի առաջ, և կարծես «Գոյ»-ը «լռություն է հայտարարում»:

Թատրոն-լաբորատորիան այդ տարիներին համարձակ քայլ է կատարել իր խաղացանկում ընդգրկելով 20-րդ դարի անվանի թատերագիրների ստեղծագործությունները:

1989թ.   Միշել դե Գելդերոդ        «Խեղկատակների դպրոցը»

1989թ.   Լուիջի Պիրանդելլո      «6 պերսոնաժ հեղինակ որոնելիս»

1992թ   Էժեն Իոնեսկո                 «Ռնգեղջյուր»

1993թ   Վիլյամ Սարոյան             «Օպերա – Օպերա»

1994թ   Սամուել Բեքեթ               «Գոդո սպասելիս»

Տարիներ  շարունակ «ԳՈՅ» թատրոնի  գոյության կռիվը 2004թ.-ից նոր թափ է հավաքում և սկզբունքներին չդավաճանելով սկսում իր ստեղծագործական վերելքի երկրորդ փուլը, որի մեկնարկը տրվում է Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ներկայացմամբ: Ներկայացման մեջ խաղում էին մայրաքաղաքի բոլոր թատրոններից հրավիրված և «Գոյ»-ի հիմնական դերասանները:

Թատրոնում սկսում է բուռն ստեղծագործական ընթացք, հրավիրվում են երիտասարդ ռեժիսորներ: Թատրոնը մասնակցում է հայկական ինչպես նաև արտասահմանյան փառատոնների:

2010 թվականին «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիան վերագտնելով իր տեղն ու դերը թատերական աշխարհում դառնում է պետական թատրոն և վերանվանվում «ԳՈՅ» Բեմարվեստի Ազգային Փորձարարական Կենտրոն:

Իր գործունեության տարբեր շրջաններում «ԳՈՅ» թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների և հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում:

* Հանրապետական փառատոն, 1-ին մրցանակ, Երևան, 1989թ.

* «Պերսպեկտիվա 89», Մոսկվա, 1989թ.

* «ՄԵՍ 31» Հարասլավիա, Սարայեվո, 1990թ.

* Հայկական արվեստի օրերը Ռուսաստանում, Մոսկվա, 1995թ.

* Հայկական արվեստի օրերը Գերմանիայում, Բոն, 1998թ.

* Կահիրեի 11-րդ միջազգային փառատոն, Եգիպտոս, 1999 թ.

Հայ Ֆեստ» միջազգային փառատոն, Երևան, 2004 թ.

* Կահիրեի 19-րդ միջազգային փառատոն, Եգիպտոս, 2007 թ.

* «Հայ Ֆեստե միջազգային փառատոն, Երևան, 2009 թ.

* Կահիրեի 22րդ միջազգային փառատոն, Եգիպտոս, 2010 թ.

* «Ոսկե Դիմակ»  միջազգային թատերական փառատոն, Մոսկվա, 2012 թ.