Հիմա ի՞նչ՝ պետք է գան, ոստիկաններով զոռով մեզ «Գոյ»-ից հանե՞ն. ոչ մի տեղ չե՛նք գնալու.

Հիմա ի՞նչ՝ պետք է գան, ոստիկաններով զոռով մեզ «Գոյ»-ից հանե՞ն. ոչ մի տեղ չե՛նք գնալու.

2024-01-28



 



«Մենք համառ ենք մեր անհամաձայնության, մեր գործողությունների մեջ: Ոչ մի տեղ չենք գնալու, Սունդուկյան թատրոնին միանալու միտք էլ չունենք: Եթե ձգտում ունենայինք, վաղուց այդ թատրոնի ծառայողները կլինեինք: Հիմա ի՞նչ՝ պետք է գան, ոստիկաններով զոռով մեզ այստեղից հանե՞ն, ուրեմն ստացվեց, որ թատրոնը փակում են, ոչ թե միավորում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ անդրադառնալով «Գոյ»-ը Սունդուկյան թատրոնին միավորելու՝ Կառավարության որոշմանը: Նա անդրադառնում է նաև նորանշանակ տնօրենին, որին դեմ է արտահայտվել թատրոնի խորհուրդը։ «Մեր նախկին տնօրենին անօրինական կերպով, առանց նախազգուշացնելու աշխատանքից հանեցին, մի քանի ժամից նոր տնօրեն նշանակեցին՝ մի թամադայի։ Թե ասա՝ ինչո՞ւ ես մտել այս պատմության մեջ: Նա սկզբում մեզ երդվեց, որ չի ստորագրի թատրոնների միավորման ներքո, հետո ասաց, որ պետք է ստորագրի: Դրա համար էլ իրեն դեմ ենք»,- ասում է նա: Արթուր Սահակյանը նշում է, որ «Գոյ»-ին սատարելու հետ կապված իր ակնկալիքները թատերական համայնքից ավելի մեծ էին. «Աջակցությունը, որ ստացանք համայնքից, բավարար չէր, ես ավելի ակտիվ կլինեի: Համայնքի անդամներին եմ դիմում՝ երբ ձեզ պաշտպանելու խնդիր լինի, ես կպաշտպանեմ: Օրինակ՝ Նիկոլայ Ծատուրյանի հայացքները չեմ կիսում, բայց երբ արդարադատության փոխնախարարն ասում է՝ ով է նրան ճանաչում, որ կոչում են տվել, ես պաշտպանում եմ Ծատուրյանին, որն արժանավոր բեմադրիչ է»: Հարցին, թե Հայաստանն այսօր ամենաշատն ինչպիսի՞ ներկայացումների կարիք ունի, ռեժիսորը պատասխանում է. «Հիմա մենք «Գոյ»-ում Նժդեհ, Չարենց, Թումանյան, Նարեկացի ենք բեմադրում, քանի որ ես հանդիսատեսին աղոթք տալու, սփոփելու կարիք եմ տեսնում, ոչ թե «խնդացնելու»: Եթե թողնեն, հանրությունն ուժ կգտնի, կարթնանա և իրականությունը կշտկի»: Քանի որ Արթուր Սահակյանը մշտապես եղել է այն մտավորականներից, որոնք անկաշկանդ արտահայտել են իրենց տեսակետն այս կամ այն հարցի շուրջ, նա նկատում է՝ նաև այդ է պատճառը, որ այսօր թե՛ ինքը, թե՛ թատրոնը կանգնած են փաստի առաջ։ «Փոխում եմ հրաժարականի իմ թուղթը թատրոնը փակելու՝ Կառավարության որոշման հետ, պատրաստ եմ չաշխատել «Գոյ»-ում, միայն թե թատրոնը մնա, եթե իմ անձն է խնդիրը: Ամեն դեպքում, «Գոյ»-ը կգնա մինչև վերջ: Եթե նախանցած տարի իսկապես համապատասխան ինտենսիվությամբ չենք աշխատել, ապա այս տարի մենք տոմսերն իրացնելու խնդիր չունենք, այդ խնդիրն էլ է շտկվել, հիմա՞ ինչ են ուզում»,- հավելում է նա:



 Աննա Բաբաջանյան





© factor.am