ԿԳՄՍՆ-Ն ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ԿԳՄՍՆ-Ն ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

2023-12-26

«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն այսօր առավոտյան անակնկալի է եկել, պարզվել է` երեկ ԿԳՄՍՆ հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել է աշխատանքից եւ նրա տեղը նախարարությունը նոր տնօրեն է նշանակել` Կարեն Սիմոնյանին, ում մասին բացի անուն ազգանունից կոլեկտիվը ոչինչ ավելին չգիտի, նրան չեն հանդիպել անգամ աշխատավայրում, թեպետ ի պաշտոնե նորանշանակ տնօրենի ԺՊ-ն պետք է այսօր եւեթ ներկայանար աշխատավայր կամ գոնե վերադասը պետք է նրան ներկայացներ կոլեկտիվին, ինչը երկու դեպքում էլ տեղի չի ունեցել: 

Թատրոնի ռեժիսոր` Սարգիս Արզումանյանից հետաքրքրվեցինք, ո՞վ է Կարեն Սիմոնյանը, թատերական աշխարհի՞ց է. «Չգիտենք ով է, միայն անուն ազգանունը գիտենք, երեկ է նախարարի հրամանով նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ որ թատրոնը կդադարի գոյություն ունենալ, այսինքն` մինչեւ ընդունման-հանձնման պահը»:

Զարմանալի է, որ ԿԳՄՍՆ-ն տնօրեն է նշանակում մի թատրոնում, որն արդեն տնօրեն ուներ. «Ինչը, օրենքով ճիշտ չէ,-նկատում է Ս. Արզումանյանը,- թե ինչու են տնօրենին ազատում աշխատանքից, այդ հրամանում, որպես հիմք ներկայացվում է այն հանգամանքը, որ տնօրենը հրաժարվել է հետին թվով ստորագրել թատրոնի միավորման, այսինքն` լուծարման պայմանագիրը, այսինքն հրաժարվել է կատարել վերադասի հրահանգը, այդ հիմքով էլ ազատվել է աշխատանքից: Տնօրենը, բնականաբար չէր կարող կատարել այդ հրամանը, որովհետեւ այդտեղ կար ապօրինություն ու ստացվում է` ապօրինություն չկատարելու համար տնօրենին հեռացրել են աշխատանքից, ընդորում` առանց նախազգուշացման, ինչպես աշխատանքային օրենսգիրքն է նախատեսում»:Քանի որ նոր տնօրենը չէր ներկայացել թատրոն, ապա թատրոնն ինքն էր գնացել նոր տնօրենի հետեւից, այն է` ԿԳՄՍ նախարարություն` պարզելու, թե ո՞վ է նոր տնօրենը, ինչո՞ւ հենց նա եւ ի՞նչ պլաններ ունի թատրոնի հետ կապված: Ս. Արզումանյանն ասում է, որ նախարարի փոխարեն իրենց ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար` Դ. Դանիելյանը. «Սկզբում ասացին` 2 հոգով, հետո` 5 հոգով, բայց մենք պնդեցինք, որ ամբողջ անձնակազմով ենք ուզում հանդիպել, ի վերջո մեզ բոլորիս ընդունեցին, բայց հանդիպման բովանդակության մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել»,-նկատեց Ս. Արզումանյանն ու խուսափեց նշել, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ ինչ ճակատագիր է սպասվում «Գոյ»-ին:

Սոնա Ադամյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e2d11a1e398e4a5b297b4166bbc205d6?fbclid=IwAR3MmuTBsPTq-2zZDu72JVeAHseJu7aJz0sVvnSYro_AXgTX2FszyioHLFU



 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»