Դատարանը գտնում է, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ

Դատարանը գտնում է, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ

2023-12-29

Այսպիսով, «նորմատիվ իրավական ակտ» հասկացության բնորոշման հիմնական տարրերն են.

- նորմատիվ իրավական ակտն ընդունող սուբյեկտները՝ նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից՝ վերջիններիս իրավաստեղծ գործունեության արդյունքում, կամ համաժողովրդական կամաարտահայտության արդյունքում,

- իրավական ակտի բովանդակությունը, այն է՝ վարքագծի պարտադիր կանոններ բովանդակելը,

- իրավական ակտի հասցեատերերի շրջանակը, այն է՝ անորոշ թվով անձանց վերաբերելը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է նաև «անհատական իրավական ակտ» և «ներքին իրավական ակտ» հասկացությունները։ Այն է՝ անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց, իսկ ներքին (լոկալ) իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

«Նորմատիվ իրավական ակտ», «անհատական իրավական ակտ» և «ներքին իրավական ակտ» հասկացությունների վերը նշված սահմանումների համեմատական վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ իրավական ակտերի այս տեսակների հիմնական տարբերակիչ հատկանիշը տվյալ իրավական ակտի հասցեատերերի շրջանակն է: Այլ կերպ ասած՝ նորմատիվ իրավական ակտի հիմնական բնութագրիչը դրանով սահմանված վարքագծի պարտադիր կանոնների՝ անորոշ թվով անձանց հասցեավորված լինելու հատկանիշն է, այսինքն՝ իրավական նորմ բովանդակելու հատկանիշը։ Նորմատիվ իրավական ակտն իրավական ակտերի այլ տեսակներից նախևառաջ տարբերվում է բովանդակային չափանիշով։ Տվյալ իրավական ակտի նորմատիվ իրավական բնույթը որոշելու համար որոշիչ է վերջինիս՝ անորոշ թվով անձանց համար վարքագծի պարտադիր կանոններ՝ իրավական նորմեր սահմանելու հանգամանքը: Ըստ այդմ՝ այս կամ այն իրավական ակտի բնույթը բացահայտելիս հարկ է պարզել՝ արդյո՞ք տվյալ ակտը բովանդակում է անորոշ թվով անձանց ուղղված վարքագծի պարտադիր կանոններ՝ իրավական նորմեր:

Նորմատիվ իրավական ակտն այլ իրավական ակտերից տարբերվում է նաև ձևական չափանիշով։

Այսպես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

Նշված օրենքի 13-րդ հոդվածը ներկայացնում է որոշակի պարտադիր պահանջներ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին, մասնավորապես՝ ըստ նշված հոդվածի 1-ին մասի՝ (․․․) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր (․․․): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` 1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները. 2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին: Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի (այդ թվում` գաղտնազերծված) պաշտոնական հրապարակումն իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաև անհատական իրավական ակտերի և ներքին իրավական ակտերի ուժի մեջ մտնելու կարգ, այն է՝ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ (23-րդ հոդվածի 6-րդ մաս), իսկ ներքին իրավական ակտը՝ հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: (…) (23-րդ հոդվածի 7-րդ մաս):

Այսպիսով՝ դատարանը փաստում է, որ ձևական առումով նորմատիվ ակտի տարբերակիչ հատկանիշներն են դրա կառուցվածքը, ընդունման ու ուժի մեջ մտնելու հատուկ ընթացակարգերը: Նորմատիվ իրավական ակտերն այլ իրավական ակտերից տարբերվում են ինչպես բովանդակային, այնպես էլ ձևական չափանիշներով, որոնց շրջանակում առաջնային է բովանդակային չափանիշը: Միևնույն ժամանակ, նորմատիվ և ներքին իրավական ակտերն ունեն ինչպես ընդհանուր, այնպես էլ տարբեր՝ միայն իրենց ներհատուկ, բնորոշող հատկություններ։ Մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտի հիմնական տարբերակիչ հատկությունն իրավական նորմի առկայությունն է, որը կանխորոշում է դրանում պարունակող վարքագծի կանոնի բնույթը։ Եթե ներքին իրավական ակտում տեղ գտած վարքագծի կանոնը որոշակի է և հասցեագրված է կոնկրետ խումբ անձանց, ապա նորմատիվ իրավական ակտում ներառված վարքագծի կանոնը վերացական է և վերաբերում է այն անձանց, որոնք իրադրության բերումով կհանդիսանան տվյալ իրավահարաբերության մասնակիցներ։ Ըստ այդմ, ի տարբերություն ներքին իրավական ակտի, որը կարգավորում է որոշակի իրավահարաբերություն, նորմատիվ իրավական ակտը սահմանում է կարգավորվող իրավահարաբերությունների այն կատարյալ տարբերակը, որը տվյալ նորմի (նորմերի) պահպանման պարագայում կիրագործվի իրավակիրառ պրակտիկայում։ Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը կարգավորում է իրավունքի նորմերով կարգավորման ենթակա հարաբերությունները վերացական եղանակով, իսկ նորմատիվ իրավական ակտի պատվիրանները կոնկրետ իրավահարաբերություններում կյանքի են կոչվում անհատական ակտի հիման վրա և դրան համապատասխան՝ սահմանելով վարքագծի կանոն այն խումբ անձանց համար, որոնք ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից: Հետևաբար՝ այս կամ այն իրավական ակտում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ) տառով նշումը և/կամ նորմատիվ իրավական ակտի ընդունման ու ուժի մեջ մտնելու ընթացակարգով ընդունված և ուժի մեջ մտած լինելը դեռևս որոշիչ չեն տվյալ իրավական ակտը նորմատիվ իրավական ակտ որակելու համար։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտի նորմատիվ բնույթը պարզելու նպատակով անհրաժեշտ է տվյալ իրավական ակտը ենթարկել բովանդակային վերլուծության:

Բացի այդ՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգը, ինչպես նաև պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրման, ինչպես նաև պետական հիմնարկի կամ հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպման միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի համաձայն՝ հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝ պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը:

Նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործությունն է, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Ամբողջ վերոգրյալի համատեքստում բովանդակային ուսումնասիրության ենթարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումը՝ դատարանը գտնում է, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այլ նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված ներքին իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից: 



 



Մեջբերում՝   ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ N: ՎԴ/4479/05/23